Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիեեւը հավաքել է 87,05 տոկոս ձայն եւ հաղթում է պետության ղեկավարի արտահերթ ընտրություններում, հայտարարել է ԿԸՀ նախագահ Զայնիդդին Նիզամհոջաեւը։

Արտահերթ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել կիրակի։ Սրանք առաջին նախագահական ընտրություններն են սահմանադրության փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը հինգից հասցնել յոթ տարվա։ Սահմանադրական օրենքով գործող նախագահ, 65-ամյա Միրզիեեւը, որը պաշտոնին է երկրորդ ժամկետով, կարող է նորից առաջադրվլ այդ պաշտոնում։

«Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Շավքաթ Միրզիեեւին ձայն է տվել ընտրողների ընդհանուր թվի 87,05 տոկոսը»,- ասել է Նիզամհոջաեւը երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Երկրորդ տեղում՝ 4,43 տոկոսով, սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ» («Արդարություն») կուսակցության թեկնածու, Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբահոն Մահմուդովան է, երրորդում՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախագահ Ուլուգբեկ Ինոյաթովը՝ 4,02 տոկոս։ Չորրորդն է Բնապահպանական կուսակցության նախագահ Աբդուշուքուր Համզաեւը՝ 3,74 տոկոս։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 79,8 տոկոս կամ 15,6 մլն մարդ։ 2021թ. նախագահական ընտրություններում Միրզիեեւը հաղթել էր՝ հավաքելով 80,31 տոկոս ձայն, մասնակցությունը կազմել էր 80,04 տոկոս։