Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր` հոկտեմբերի 6-ին, երկօրյա պետական այցի շրջանակներում այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան եւ դուրս գալիս կիսել իր տպավորությունները` ասելով, որ շատ տպավորիչ թանգարան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նշեց, որ նախագահի այցը կարճ է տեւել` մոտ 10 րոպե, բայց այդ ընթացքում ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը բարձրաստիճան հյուրերին ծանոթացրել է թանգարանային ցուցադրությանը, որը բարձրաստիճան հյուրի այցի կապակցությամբ համալրվել է նոր նյութերով: Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում»:Այնուհետեւ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Սարկոզին արծաթափայլ եղեւնի է տնկել:

Հիշեցնենք, որ երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այսօր` հոկտեմբերի 6-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի եւ ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ֆրանսիան 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որ առանձին օրենքով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: