Մերձբալթիկայի առաջատար IT դիստրիբյուտորներից մեկը, լիտվական «Ակմե Քոմփյուտեր Քոմփոնենթսը» (ACC) մուտք է գործում Հայաստանյան շուկա: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը: Նրա խոսքով` թեեւ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, ու 2 երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սա լտվական առաջին ներդրումն է Հայաստանում:
Նշենք, որ «Ակմե Քոմփյուտեր Քոմփոնենթսը» Հայաստան է մուտք գործում հայաստանյան «Մաքստրոնիկ» ընկերությունը գնելու միջոցով: Ընկերությունը նաեւ տաղավար է բացել այս օրերին Երեւանում ընթացող «ԴիջիԹեք» ցուցահանդեսում:
«Ակմե Քոմփյուտեր Քոմփոնենթսի» գլխավոր գործադիր տնօրեն Ռեգիմանտաս Բուոզիուսը նշեց, որ ներկայացնում են մոտ 650 պրոդուկտ եւ 200 մատակարարի` հիմնականում հայտնի եվրոպական բրենդներ` ASUS, DELL, LG, BenQ, Sony, Philips, D-Link եւ այլն:
Ըստ Բուոզիուսի` հայաստանյան շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն աճի շատ մեծ պոտենցիալ ունի: Այսպես` Հայաստանում 2010 թ. վաճառվել է 25 հազ. նոթբուք, 2011 թ. այդ ցուցանիշը հավանաբար կաճի մինչեւ 38 հազ.: Համեմատության համար` Հայաստանի չափ բնակչություն ունեցող Լիտվայում վաճառվում է 4 անգամ ավելի շատ նոթբուք: Ընկերությունը նաեւ մասնաճյուղ է բացել հարեւան Վրաստանում, որտեղ վաճառքի ծավալները հասցրել է մինչեւ տարեկան 20-22 մլն դոլարի:
Ռ. Բուոզիուսը նշեց, որ հայաստանյան շուկայում իրականացնելու են միայն մեծածախ վաճառք, հիմնականում` ինտերնետի միջոցով:




























