Երկու տարի է՝ մենք աշխատում ենք SsangYong ընկերության հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտադրվող «Սեպուհ-1» ավտոմեքենաներին:

«Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր ավտոմեքենաշինությունը բավական բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավական երկար ժամանակ, մինչև ստացվեց Հայաստանում արտադրված մեքենաների նորմալ պետական գրանցումն ապահովել: Արդեն ութ մեքենա հավաքվել է: Սա փորձնական պարտիա է: Ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար է: Գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում: Նպատակ կա տարեկան մի քանի 100 մեքենա արտադրել ներքին և արտաքին սպառման համար: Այժմ հավաքված ութ մեքենան ունեն պետհամարանիշ և կարող են վաճառվել. որևէ խնդիր չկա»,- ասաց Վահան Քերոբյանը:

Ըստ Քերոբյանի իրենց նախարարությունը շարունակելու է ջանքեր ներդնել մեքենաների, այդ թվում էլեկտրական մեքենաների արտադրությունում:

«Վերջերս Չինաստանի «Beijing auto» ընկերության հետ զրուցել ենք՝ Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրություն հիմնելու մասին»,- ասել է նա:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում մեքենաների միջին տարիքը բավական հին է: Ոչ ամենավերջին տվյալներով՝ միջին տարիքը 20 տարուց ավելի է: «Կառավարությունը շատ շահագրգռված է, որ ավտոպարկը թարմացվի»,- ասաց նախարարը: