ՀՀ իշխանությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ է, գործընկերների հետ բաց ու պարզ եղանակով են աշխատում և համագործակցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` անդրադառնալով «Financial Times»–ի հրապարակմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Financial Times»–ի` Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
«Չգիտեմ՝ որ լրատվամիջոցը, որ լոբբինգի, ինչ ազդեցության տակ ինչ նյութեր է տպագրում, այնուամենայնիվ, մենք մեր գործընկերների հետ բաց եւ պարզ եղանակով համագործակցել ենք:
Ի դեպ, այդ լրատվամիջոցը ի սկզբանե դիմել էր մեզ, սակայն մեր պատասխանը, մեր մեկնաբանությունները կամ մեր թվերը ներկայացված չէին այդ հրապարակման մեջ։ Մենք, օրինակ, նշել էինք, որ նաեւ 2019-ին մեքենաների շատ մեծ հոսք կար Հայաստան, որը սանկցիաների հետ կապված չէր»,– ընդգծեց Բադասյանը։
Նա նաև ավելացրեց, որ ոչ բոլոր մեքենաներն են պատժամիջոցների տակ, բացի այդ, հրապարակման մեջ կան որոշ անհամապատասխանություններ։
Հիշեցնենք, որ 2022 թ նոյեմբերի 18–ին ասուլիսի ժամանակ Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը հայտնել էր, որ Հայաստանը Բելառուսից, Ղազախստանից և Վրաստանից հետո 4-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանմամբ։ 2022 թ վերջին վեց ամսվա ընթացքում Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման մեջ Հայաստանի մասնաբաժինը 6,5 տոկոս է կազմել։











