Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան բավական մեծ նշանակություն ուներ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար, եւ փաստը, որ Սարկոզին երկօրյա պետական այցով Հայաստնում էր, իսկ Ադրբեջանում եւ Վրաստանում, ընդհանուր վերցված, մի քանի ժամով, ուշագրավ է: Այս մասին NEWS.am-ին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը:
Միաժամանակ` Մինասյանը նկատեց, որ հենց Նիկոլա Սարկոզիի համար այցը միայն արտաքին քաղաքական նշանակություն չուներ. այն կարեւոր էր ներքաղաքական տեսանկյունից`ելնելով Ֆրանսիայի կեսմիլիոնանոց հայ համայնքի գործոնից, որոնք նաեւ ընտրողներ են: Նրա խոսքով` Սարկոզիի` Թուրքիային վերաբերող հայտարարությունները, որոնք բավականին ուժեղ էին եւ ինչ-որ չափով անսպասելի նաեւ Թուրքիայի համար, ներքաղաքակն նշանակություն ունեին:
Մինասյանն արձանագրեց, որ Սարկոզիի` Թուրքիայի ԵՄ անդամակցության անցանկալիության մասին կարծիքը կիսում են ոչ միայն ֆրանսահայերը, այլեւ ֆրանսիական հասարակության մեծ մասը:
Քաղաքագետի գնահատականով` Ֆրանսիայի նախագահի այցը հաջողված էր: Նրա կարծիքով` Սարկոզին նաեւ փաստորեն ողջունեց Հայաստանի իշխանությունների փոխլրացման քաղաքականությունը: Մինասյանը հատուկ նշեց Սերժ Սարգսյանին Պատվո լեգեոնի շքանշանով պարգեւատրելու փաստը: Հետխորհրդային պետությունների առաջնորդներից նման պարգեւի են արժանացել միայն Բորիս Ելցինը, Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը: Այս ամենը, ըստ Մինասյանի, վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասի իր գերակայություններում Հայաստանն առանձնահատուկ դեր ունի Ֆրանսիայի համար:




























