Հայաստան-Մակեդոնիա` հոկտեմբերի 7-ի ֆուտբոլային խաղից հետո, երբ մեր հավաքականը 4:1 հաշվով հաղթեց մակեդոնացիներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավաքականի ֆուտբոլիստների հետ միասին նշելել են հաղթանակը: Իսկ այսօրվանից հավաքականը արդեն սկսել է պարապմուքները, այժմ վերականգնողական մարզումներ են անում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նա նախ շնորհավորեց հայ ժողովրդին եւ մեր հավաքականին` այդպիսի գեղեցիկ պահեր պարգեւելու համար. «Իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր, երկրի նախագահն ապրում էր հավաքականի ամեն մի շարժումով, ցավում էր, որ տղաներից որեւէ մեկին հանկարծ կպնում էին: Այդ գեղեցիկ ֆուտբոլը, գոլերը, ոգեւորությունը մարզադաշտում իմ կյանքի երազանքն էին, եւ կարծում եմ` հասել եմ իմ երազանքին, էլ դրանից այն կողմ ինչ պետք է լինի` չեմ պատկերացնում»: Հայաստանի հավաքականի երեկվա 4 գոլերն էլ նա համարեց դասական գոլեր, բայց, նրա գնահատմամբ, ամենագեղեցիկ գոլը Հենրիկ Մխիթարյանին էր. «Մեկը մեկից գեղեցիկ «շեդեւր» էին, բայց Հենրիկի գոլը բարձրագույն վարպետության աստիճան էր»:
Անդրադառնալով մեկնաբանությանը, որ ամբողջ աշխարհում հյուրընկալ ազգի համբավ ունեցող հայերը հյուրերին ջախջախում են 4:1 հաշվով, նա նշեց, որ «ֆուտբոլը հյուրեր չի ճանաչում» եւ իրեն քիչ է հետաքրքրում, թե մեզանից ով է նեղանում: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 11-ին` Իռլանդիայի հավաքականի հետ խաղին եւ մեր հավաքականի հետագա ճակատագրին, ապա Ռուբեն Հայրապետյանը նորից շեշտեց, որ երբեք կանխատեսումներով չի զբաղվում: «Ես մի բան գիտեմ, որ մեր հավաքականը մարտականորեն է տրամադրված, մենք ունենք փայլուն տղաներ, որոնք պատրաստ են իրենց ուժերը ներդնել խաղադաշտում: Եթե Աստված մի քիչ էլ մեր կողմը լինի, մենք կունենանք հաջողություն»: Իսկ «Եվրո-2012» մտնելու մասին նա կխոսի Իռլանդիային հաղթելուց հետո:
Նշենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին եւ մեկնում է Դուբլին` Իռլանդիայի հետ վերջին վճռական հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին:




























