Հայաստանում ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս լուծել քաղաքացիների գոյության տարրական հարցերը եւ վտանգի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» ծրագրի եթերում հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը խոսքից այն կողմ չի անցնում:
«Խոստացված բերեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումն ու ազատ մրցակցության ապահովումը, արհեստական մենաշնորհների վերացումը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման ապահովումը այդպես էլ մնում են թղթի վրա: Ցավոք, ներկայիս ճգնաժամային իրավիճակը ոչ միայն չի հաղթահարվում, այլեւ խորանում է բոլոր ուղղություններով»,-նշել է պատգամավորը` ավելացնելով, որ գնալով աճում է այն քաղաքացիների թիվը, ովքեր կորցնում են աշխատանքն ու գոյության հնարավորությունը:
«Օրինակները շատ են, կբերեմ միայն մեկը. փողոցային առեւտրականների եւ կրպակատերերի խնդիրը: Այդ մարդիկ ոչ միայն պետության վրա բեռ չէին, այլեւ սեփականատերերը նաեւ հարկեր էին վճարում: Եւ քանի որ իշխանությունները խնդիր էին դրել մանրածախ առեւտուրը կենտրոնացնել իրենց ձեռքում, որոշեցին վերացնել եւ այդ մրցակցող փոքր բիզնեսը»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեկ տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների գները եւ սպառողական զամբյուղն աճել է մոտ 50%-ով:
Նա տեղեկացրել է, որ «Ժառանգությունը» եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում են քաղաքացիների հետ հանդիպումները Երեւանում եւ մարզերում: Հերթական հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Երեւանում, Գարեգին Նժդեհի հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է խորհրդակցել երկրում տիրող իրավիճակի եւ այն շտկելու ճանապարհների վերաբերյալ:




























