5-րդ ալիքի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղղել քաղաքացիների հարցերը՝ նշելով. «Ձեզ հարց ունի 44-օրյա պատերզմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը: «Առաջինը, ե՞րբ, ո՞ր պահին, որ իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է, երկրորդ, ինչու էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչի՞ հիման վրա: Մեր տղաները Ադրբեջանում էին ծառայում, թե հայկական Արցախում»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ որոշումն ինքը չի կայացրել: Մնացած մասով վարչապետը միայն կրկնեց նախկինում իր հայտարարած թեզերը, որ Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն միշտ չէ, որ դա հայտարարվել ու արձանագրվել է, որ երբեւէ չի եղել որեւէ երկիր, որը ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս:
Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշված է, որ ԵՄ հովանու ներքո հանդիպումներում Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, որով փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց հիմքով ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղաղապահների շուրջ իրավիճակը, Փաշինյանը ռուսերենով մեջբերեց 2020-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությունը, որտեղ վերջինս ասել է. «Միջազգային իրավական տեսակետից այդ բոլոր տարածքները համարվում են Ադրբեջանի անբաժանելի մասը: Կրկում եմ եւս մեկ անգամ, ինքը Հայաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը, ուստի հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքը՝ ԼՂ-ն եւս միջազգային իրավական տեսանկյունից Ադրբեջան է»: Սա հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եղել, որը Ղարաբաղը չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս: Չի եղել այդպիսի երկիր»:
Փաշինյանը նաեւ մեջբերեց 2020-ի հունվարին Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի հարցով հանձնաժողովում Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտի հետ հանդիպումից մի հատված, որտեղ համանախագահը նշել է. «ԼՂ-ն Ադրբեջանում գտնվող լեռնային անկլավ է»:
Փաշինյանը նաեւ նշեց, որ ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցներում եղել են հետեւյալ ձեւակերպումները. «անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել ԼՂ մեծ մասը եւ 7 այլ ադրբեջանական տարածքները»:
«Մեր դիրքորոշումը եղել է այն, որ կապ չունի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը, մեր դիրքորոշումը սա է եւ մենք դրա հետեւից գնալու ենք: Հիմա ի՞նչ է փոխվել: Փոխվել է այն, որ շատ դաժան իրադարձություններից հետո մենք մեզ հարց ենք տվել՝ եթե միջազգային հանրության դիրքորոշումը դա է, մենք ո՞նց ենք միջազգային հանրության դեմ կռիվ տալու: Սա պատասխանատվության խնդիր է, մենք սրա ամբողջ հետեւանքները հասկանո՞ւմ ենք, թե ոչ: Ցավոք, միշտ չէ, որ հասկացել ենք: Նույնիսկ երբեմն հասկացել ենք, բայց չենք գիտակցել: Եղել է պահ, որ եւ հասկացել ենք, եւ գիտակցել ենք, բայց գործոններ են եղել, որոնք մեզ կամ օգնել են չարերեսվել, կամ խանգարել են առերեսվել»,-ասաց Փաշինյանը:





























