Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դադարեցրեց սեպտեմբերի 30-ից ընթացող բողոքի գործողությունները Ազատության հրապարակում:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին կայացած հանրահավաքում հրապարակել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ընդունած փաստաթուղթը, որը, վերջինիս խոսքով, հանրահավաքի բանաձեւն է:
Թեպետ հանրահավաքի մասնակիցների զգալի մասը դեմ էր հանրահավաքների դադարեցմանը, Տեր-Պետրոսյանը նման որոշում է կայացրել: «Այսօրվանից մեր հիմնական լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը»,- ասել է նա: Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, որ պետք է հետեւել Կոնգրեսի որոշմանը եւ պատրաստ լինել ամեն պահի շարունակել շուրջօրյա նստացույցները։
Ըստ առաջին նախագահին Ազատության հրապարակում գիշերները մոտ հազար մարդ է մնացել վրաններում, այդքան էլ նստարանների վրա:
Հաջորդ հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 28-ին:




























