Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժն ավելի մեծ է, քան օգտագործվում է, թեեւ վերջին տարիներին ոլորտը դինամիկ աճում է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Անդրադառնալով «Մայքրոսոֆթ»-ի ինովացիոն կենտրոնին, որը ստեղծվել է 2011 թ. մայիսին, Գ. Բարսեղյանն ասաց, որ այն արդեն 1000-ից ավելի այցելու ունի, որոնք մասնակցել են դասընթացների եւ տարբեր միջոցառումների:
Շուտով ինովացիոն կենտրոնում կսկսի երկրորդ փուլը, այն է` բիզնես ունակությունների զարգացումը: «Մեր ժամանակներում բավարար չէ ունենալ տեխնոլոգիական լավ գիտելիքներ, պետք է պրոդուկտը բերել շուկա եւ կազմակերպել բիզնեսը»,- ասաց Գ. Բարսեղյանը: Այդ նպատակով ինովացիոն կենտրոնում կանցկացվեն մարքետինգի եւ մենեջմենթի դասընթացներ: Ընդ որում` «Մայքրոսոֆթ»-ը պլանավորում է նախ անցկացնել տեղացի դասախոսների վերապատրաստում, հատուկ այդ նպատակով Հայաստան կհրավիրվեն «Մայքրոսոֆթ» ընկերության հայազգի մասնագետները:
Իսկ երրորդ փուլում արդեն կիրականացվի ինովացիոն ծրագրերին աջակցությունը: Այսինքն` «Մայքրոսոֆթ»-ը տեխնիկական աջակցություն կցուցաբերի այն խմբերին, որոնք սեփական գաղափարներն են մշակում: Ըստ Գ. Բարսեղյանի` «Մայքրոսոֆթ» -ն ամբողջ աշխարհում աշխատում է գործընկերային ցանցի հետ, այդ գործընկերների թիվն անցնում է 700 հազարից: Հայաստանում այդպիսի գործընկերների թիվն առայժմ 100 է, որոնցից 10-ը «ոսկյա սերտիֆիկացված գործընկեր է»:
Ի դեպ` «Մայքրոսոֆթ» -ի հետ համագործակցությունը եւ ինովացիոն կենտրոնի գործունեությունը բարձր գնահատեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Արմ Թեք Կոնգրես 2011»-ում այսօր ունեցած ելութում: «Այն տարածաշրջանում ամենախոշոր «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնն է եւ հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայում համանման կենտրոնների ստեղծման մոդել: Մենք հպարտանում ենք, որ «Մայրքսոֆթի» հետ ունենք այսպիսի լուրջ առաջընթաց»,- ասաց Տ. Սարգսյանը:




























