«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հաղթել է Ֆինլանդիայի կառավարության, NOKIA ընկերության եւ համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածաշրջանում հայտարարված մրցույթում, որի շնորհիվ 2011 թ. Հայաստանում կստեղծվի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա (mLabECA): Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ին «Արմ Թեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  

Լաբորատորիան կսպասարկի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհում գոյություն ունեն 5 նմանատիպ լաբորատորիաներ` 2-ը Աֆրիկայում, 2-ը` Ասիայում, եւ 5-րդը` Հայաստանում: 

Հայաստանի կենտրոնը կսպասարկի ԱՊՀ բոլոր պետություններին, ներառյալ Ադրբեջանը, բացառությամբ Ռուսաստանի:

Ըստ Բ. Ենգիբարյանի` մրցույթում մրցակցությունը շատ ծանր էր, վերջում մնացել էր 3 երկիր` Հայաստան, Ուկրաինա, Բելառուս: Ի վերջո նախապատվությունը տրվեց Հայաստանին, 2 հիմնական չափանիշներից ելնելով: Առաջին` Հայաստանն ունի ծրագրավորման լուրջ պոտենցիալ, երկրորդ` Հայաստանն ունի տարածաշրջանային ծրագրերի հաջողված փորձ:

Ըստ Բ. Ենգիբարյանի` mLab-ը բաց է լինելու մոբայլ լուծումներ առաջարկող բոլոր ծրագրերի համար` iOS, Android, Windows Mobile, Bada, Symbian, BlackBerryեւ այլն:

mLab-ի ոչ մեծ լաբորատորիա արդեն իսկ ստեղծված է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» շենքում: Հիմնական, առավել մեծ լաբորատորիան կբացվի հավանաբար 2012 թ. ապրիլին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենքում: