Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական աշխատըանքային խմբի որոշմամբ նախորդ շաբաթ ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել  Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետեւ Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը  ԼՂ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կռավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը ԼՂ մարդասիրական բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ ԿԽՄԿ-ն հայտարարեց իր կողմից ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաեւ այդ  ջանքերին:

«Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը այս տարվա  հունիսի 15-ին,  ինչպես ինքն է ձեւակերպում, հայկական  կողմի ռազմական սադրանքն է: Հիշեցնեմ, այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ Հայաստանի տարածքով, արժանանալով Հայաստանի սահմանապահ  զորքերի օրինական հակազդեցությանը:

Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը, առավելեւս այն պայմաններում, երբ երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են: Տարբեր տեղերում ինքնակամ եւ հաճախ ուժի գործադրմամբ  դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման եւ ընդհանրապես խաղաղ գործընթացի վիժեցնելու գործողության է նման»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ օրը սա երեւաց նաեւ Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում:

«Հայտարարելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանները որոշված չեն: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները որոշվել են 1991-ի Ալմաթիի հռչակագրով եւ դա վերահաստատվել է 2022-ի հոկտեմբերի 6-ի  Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես 2 երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմք:

Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետեւյալն է. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ  ԱԼմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել, եւ հետագայում արդեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում  տարածքային  պահանջներ առաջադրել Հայաստանին:

Եթե Հայաստանի  ու Ադրբեջանի միջև տարածքների հարցը որոշված չէ, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում, եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- հայտարարեց վարչապետը։