Հայաստանում ավանդական է դարձել դադարեցնել հղիությունը, եթե ապագա երեխան իգական սեռի է լինում: Այդ մասին հայտարարել է սոցիալական ապահովության նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:
Նրա կարծիքով, երեխայի սեռի ընտրության նման մոտեցումը հայ հասարակության մեջ առաջին հերթին կախված է դաստիարակությունից: «Հայաստանում նման օրենքի ընդունման դեպքում այն կարող է գործել միակողմանի: Անհրաժեշտ է դաստիարակել հասարակությանը, սկսել դա ուսումնական հաստատություններից եւ լրատվամիջոցներից»,- ասել է նա` նկատելով, որ 1993թ. Հայաստանը միացել է Երեխայի իրավունքների միջազգային կոնվենցիային, որում ասվում է, թե երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է գերակա լինի: Հակոբյանն ասել է, թե Հայաստանում ընտանիքների պլանավորման խնդիրը սխալ է ընկալվում: «Հարցի էությունը կայանում է անցանկալի հղիությունից պաշտպանվելու, այլ ոչ թե արհեստական դադարեցման մեջ»:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որով Ալբանիային, Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին կոչ է արել օրենք ընդունել եւ արգելել երեխայի սեռի նախապես հայտնումը:
Բանաձեւում նշվում է նաեւ համամասնությունները. Ալբանիայում 105 տղային բաժին է հասնում 100 աղջիկ, Հայաստանում եւ Ադրբեջանում 112 տղային` 100 աղջիկ, Վրաստանում 111 տղային` 100 աղջիկ:




























