Արեւմուտքի կողմից ջանք գործադրվել է երրորդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպելու, իհարկե, մեր կողմից եղել է դրական պատասխան, մանավանդ, որ դա մոտ էր միջազգային ձեւաչափին, եւ Ադրբեջանը հրաժարվել է նաեւ այդ ձեւաչափից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հրաժարվելուց հետո հարցը մնացել է օդում կախված:
Հարցին, թե ի՞նչ է առաջարկվում արեւմտյան եւ ռուսական հարթակներում, Արցախի նախագահը պատասխանեց. «Առաջին փուլում որեւէ առաջարկություն չեն անում, փորձում են ձեւավորել այդ երկխոսությունը եւ թողնել թեմաները հանդիպման ընթացքում: Ադրբեջանն այստեղ ունի իր պահանջները, իր օրակարգը, մենք էլ ունենք մեր օրակարգը, մեր իրավունքներից ելնելով մեր առաջարկները, դրա համար կոնկրետ օրակարգ չի քննարկվել»:
Անդրադառնալով Աղդամից հումանիտար օգնություն տրամադրելու Բաքվի առաջարկին, Արայիկ Հարությունյանը նկատեց, որ Արցախում հումանիտար ճգնաժամը ստեղծել է հենց Ադրբեջանը. «Ցանկացած առաջարկություն, որն ուղղված է մեզ, պետք է առաջին հերթին լինի մեր արժանապատվության շրջանակներում, լինի միջազգային մարդասիրական նորմերի, կանոնների համաձայն: Ցանկացած կենսական նշանակություն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում մենք պետք է ունենանք կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունները»:











