Կառավարությունը 3 տարով կերկարաձգի «Դելֆինարիում-Նեմո» ընկերությանը տրամադրած «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը: Հարցը, էկոնոմիկայի նախարարության առաջարկով, մտել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգ:
Նշենք, որ «Դելֆինարի-Նեմո» ընկերությունը «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Երեւան է բերել 4 դելֆին եւ 2 ծովային փոկ: Ժամանակավոր ռեժիմի գործունեության ժամկետը լրանում է 2011 թ. նոյեմբերի 25-ին, ուստի «Դելֆինարի-Նեմո»-ն դիմել է կառավարությանը` խնդրելով այն երկարաձգել: Նշենք, որ 4 դելֆինների մաքսային արժեքը գնահատվել է 250 մլն. դրամ (մոտ 680 հազ. դոլար), կամ յուրաքանչյուր դելֆին գնահատվում է 170 հազ. դոլար: Ծովային փոկերի մաքսային արժեքը 46 մլն դրամ է (մոտ 125 հազ. դոլար), կամ յուրաքանչյուրը` 62.5 հազ. դոլար:
Հիշեցնենք, որ «Դելֆինարիում-Նեմո» ընկերության կողմից Երեւան քաղաքում կառուցված դելֆինարիան գործում է 2010 թ. դեկտեմբերից:
Էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած հիմնավորման մեջ նշվել է, որ դելֆինարիումը կարճ ժամանակում դարձել է մայրաքաղաքի բնակիչների սիրված վայրը, որտեղ կազմակերպվում են ոչ միայն ծովային կենդանիների զվարճալի շոուներ, այլ նաեւ իրականացվում են դելֆինաթերապիայի սեանսներ ֆունկցիոնալ խախտումներ ունեցող երեխաների առողջության վերականգման եւ կազդուրման նպատակով:
Դելֆինարիումի գլխավոր խնդիրներից է ծովային կաթնասունների մասին գիտելիքների տարածումը, բնապահպանական գաղափարների քարոզումը, բնակչության էկոլոգիական կուլտուրայի զարգացումը:
Նշենք նաեւ, որ բնապահպանական կազմակերպությունները բազմիցս դեմ են հանդես եկել Երեւանում դելֆինարիումի գործունեությանը:



























