Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, որովհետեւ չկան դրա հիմքերը: Այդ մասին, հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:
«Այս գլխից ասում են, թե իշխանությունները պատրաստվում են կեղծիքների: Դա նրա համար են ասում, որ եթե հանկարծ պարտվեն, ասեն, թե կեղծիքներով են անցել ընտրությունները: Այդ հրաժարական-մրաժարականը երբեք չի լինելու: Դա բացառվում է, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված որեւէ հիմքեր` իրավական, քաղաքական, տնտեսական, առողջական եւ այլն, չկան` հրաժարականներ տալու կամ արտահերթ ընտրությունների համար: Բնականոն ձեւով մենք ընդդիմության հետ նախապատրաստվելու ենք ընտրություններին»,- նշել է հանրապետական պատգամավորը։
Վերջինիս կարծիքով, հաղթելու է իշխանությունը: «Որովհետեւ կոալիցիան շատ ավելի հզոր է, քան որեւէ ՀԱԿ կամ այլ կուսակցություն: Եթե Հայաստանի բոլոր կուսակցություններն էլ միանան ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի չափ հզոր լինել չեն կարող»,- ասել է Ռաֆիկ Պետրոսյանը:
«Սա հեքիաթ է, սա միֆ է, որ իշխանությունը հզոր է: Իշխանությունը բացի բռնությունից, զենքից, զինամթերքից ոչինչ չունի»,- իր հերթին նշել է ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը: Վերջինս պնդել է, որ իշխանությունները իշխանությունը պատրաստվում են հերթական կեղծիքների: «Միայն մեկ բան ասեմ, ԿԸՀ ձեւավորումն ու նախագահի ընտրությունը: Բարաք Օբաման մինչեւ վերջին օրը պտտվում էր երկրով մեկ եւ խնդրում, որ ձայն տան իր կուսակցությանը Սենատի ընտրություններում, բայց պարտվեց: ԿԸՀ նախագահի ընտրությունից հինգ օր առաջ թերթերը գրում են, որ Տիգրան Մուկուչյանը դառնալու է ԿԸՀ նախագահ: Հանձնաժողովը դարձել է միաձայն համքարություն»,- ազդարարեց նա:



























