«Բացում» նախաձեռնության անդամներն այսօր՝ օգոստոսի 21-ին, բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: Նրանք ալյուրով, հացով եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքովներով փակել էին կազմակերպության մուտքը՝ պահանջելով այն հասցնել Արցախ:

Ցուցարարները պահանջում էին, որ ՄԱԿ-ը քայլեր ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու եւ Արցախ սնունդ եւ հումանիտար պարագաներ հասցնելու համար:

«ՄԱԿ-ը մաշել է իր ատամները: 2020 թվականից հետո եղած իրադարձությունները մեզ ստիպել են սրել մեր ատամները, որ սրենք նաեւ ՄԱԿ-ի ատամները եւ պայքարեն ցեղասպանների դեմ: Հայերը խաղաղասեր են, սակայն չեն հանդուրժի հերթական ցեղասպանությունը»,- նշեց ցուցարաներից մեկը:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ իրենք բազմաթիվ փաստեր են հավաքել եւ փոխանցել կազմակերպությանը արցախցի երեխաների կրթության, կանանց իրավունքների խախտման, հիվանդների, ծերերի, նույնիսկ բնապահպանական իրավիճակի մասին, սակայն ապարդյուն:

«Հիմա կարիք կա կոնկրետ լուծումների, որ մեր հարազատներն Արցախում չմահանան, որ չտանջվեն, որ ռազմական ագրեսիայի չենթարկվեն։ Մեր պահանջն է՝ անհապաղ երկկողմանի բացել Լաչինի միջանցքը, թույլ տալ, որ մենք հնարավորություն ունենանք գնալու Արցախ, և մեր հարազատները հանգիստ հնարավորություն ունենան գալու Հայաստան՝ առանց առևանգվելու վտանգի»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը: