Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հոկտեմբերի 12-ին, իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի արաբական հանրապետության դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի  հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու  ամրապնդմանը:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը,  երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու  փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից եւ շարունակվում են մինչ այսօր:  Կարեւորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը եւս զարգացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաեւ տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջեւ փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը,  հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարեւորել են նաեւ եգիպտահայ համայնքի դերը:

Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է  անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին եւ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ: