Ադրբեջանի ԱԳՆ աշխատակցի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի կապը հանդիսանում է տարածաշրջանում անկայունության պատճառ, հերթական անհեթեթ հայտարարությունն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի իշխող կուսակցության մամուլի քարտուղար, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, գործոն է, որն ապահովում է հավասարակշռությունը տարածաշրջանում: «Ես հասկանում եմ, որ ադրբեջանցիներին հանգիստ չեն տալիս հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, սակայն Ադրբեջանին այլ ելք չի մտնում, քան համակերպվել նման փոխդասավորության հետ եւ չկրկնել սխալ սխալի հետեւից»,-նշել է Շարմազանովը:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ տարածաշրջանի անվտանգությանը սպառնում է հենց ինքը` Ադրբեջանը, պետական մակարդակով վարելով ահաբեկչության քաղաքականություն: Հետեւաբար, Ռուսաստանը եւ այլ երկրներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահով երկրները, պետք է անհրաժեշտ գնահատական տան Ադրբեջանի հայտարարություններին:

«Բացառված չէ, որ պաշտոնական Բաքվի նյարդային հայտարարությունների պատճառը եղել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառմանը ռուսական զորքի մասնակցությունը: Բացի այդ, հիստերիայի պատճառ կարող են դառնալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունները»,-եզրափակել է իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Բաքվում ԳՈւԱՄ Խորհրդարանական վեհաժողովի եւ Բալթյան ասամբլեայի համատեղ կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Հուսեյնլին հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները տարածաշրջանում անկայունթյան պատճառ են դառնում։