Մեր դիրքորոշումը Բաքվում նույնն է լինելու, ինչ Երևանում, մեզ համար ամենակարևորն այս փակուղուց դուրս գալն է, որը երկար ժամանակ շարունակվում է, որպեսզի բարելավվի հումանիտար իրավիճակը և Ղարաբաղում հայկական բնակչության կյանքի պայմանները բարելավվեն։ Այս մասին օգոստոսի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ լինի դա Վաշինգտոնում, թե այլուր։
«Մենք ողջունեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ քայլը, որը հրապարակայնորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ամենաբարձր մակարդակով անել նույնը»,- հավելել է Հաջա Լահբիբը:
Նա նշեց, որ ամենաբարձր մակարդակով բանակցությունների պակաս չկա, սակայն կա կամքի պակաս՝ տեղում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
«Մեր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը մենք նշել ենք փորձագետների և հանձնաժողովների ներկայության կարևորությունը, և ես այդ մասին կխոսեմ նաև Բաքվում։ Դա թույլ կտա վերջ դնել թշնամանքին և հնարավորություններ կստեղծի իրական հաշտեցման համար պայմաններ ստեղծել։
Մենք ակտիվացնում մեր մասնակցությունը բոլոր այս գործընթացներին, այդ թվում՝ Բելգիայի դեսպանատան միջոցով, որը շուտով կբացվի Երևանում»,- ընդգծել է արտգործնախարարը։





























