ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցը քվերակության չի դրվել, եւ սուտ է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Սեյիդովի հայտարարությունը, թե ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին այդ ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների:

Այս մասին նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը:

Նրա պատասխանում, մասնավորապես, ասվում է.

«ԵԽԽՎ Բյուրոյի նիստում հայկական պատվիրակության անունից հանդես է եկել պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ընթերցել  պատվիրակության  նամակը, որի տակ դրված է եղել պատվիրակության բոլոր անդամների ստորագրությունը: Թեեւ նամակի տեքստը պետք է տեղադրված լիներ Բյուրոյի անդամներին տրվող փաստաթղթերի թղթապանակների մեջ, սակայն պարզվել է, որ թղթապանակներում այդ նամակները չկան եւ Դ. Հարությունյանն ամբողջությամբ բարձրաձայն ընթերցել է այն: Նրանում մասնավորապես նշվում էր, որ պատվիրակությունը դեմ է ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնմանը:

Մամուլում տարածված տեղեկությունը խիստ հակասական է եւ որեւէ տրամաբանություն չի պարունակում. ադրբեջանցի պատվիրակը կարող է ասել այն,  ինչ իրենց է ձեռնտու, պետք չէ այն որպես իրականություն ընդունել:

ԵԽԽՎ Բյուրոյում շրջանառվող հարցերի մի մասը չի դրվում քվեարկության, այլ ընդունվում է հայտարարությունների ձեւով, ենթակոմիտեի վերականգնման հարցը եւս քվերակության չի դրվել»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը Ստրասբուրգում հայ լրագրողներին սենսացիոն տեղեկություն է հաղորդել, ըստ որի ԵԽԽՎ բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների: