«Մեր տղաները փայլուն էին խաղում»,- այսօր` հոկտեմբերի 12-ին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աչքի ընկած ուսանողներին ու աշակերտներին ամենամյա կրթական պարգեւների հանձնման արարողությունից հետո, իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով երեկվա Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղին, որտեղ Հայաստանը պարտվեց 2-1 հաշվով:

«Երեկ բոլորս ազգովի` ամենայն ուշադրությամբ, հետեւում էինք եւ երկրպագում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին եւ այդ սեւեռումը, ազգային համախմբումը եւ զարթոնքն ամենաթանկ ձեռբերումներն են` անկախ այդ խաղի արդյունքներից»,- ասել է նաու հավելել. «Թե ինչու արդյունքներն այդպես եղան չեմ ցանականում այժմ գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ մեր տղաները փայլուն էին խաղում»:

Նրա խոսքով, հայ ֆուտբոլիստները ապացուցեցին, որ աշխատասիրությունն ու հետեւողականությունը միշտ էլ արդյունավետ են եւ կարող են երաշխավորել հաջողություն ու հաղթանակ:

«Երկու-երեք տարի առաջ ոչ մեկը երազել անգամ չէր կարող մեր ֆուտբոլիստների նման հաջողության մասին, բայց ինչպես մեր ժողովուրդն է ասում` «տաշած քարը գետնին չի մնա», իսկ քարը երբեք հեշտությամբ չի տաշվում: Քար տաշելը պահանջում է համբերություն, քրտնաջան աշխատանք, հետեւողականություն եւ նպատակասլացություն»,- իր խոսքն է ամփոփել Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ թեեւ Իռլանդիա-Հայաստան խաղն ավարտվեց 2-1 հաշվով, սակայն, բոլորի համար ակնհայտ էր հայ ֆուտբոլիստների անձնուրաց ու գեղեցիկ խաղը: