Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Միացյալ Հայաստան» կուսակցությունը» այսօր՝ օգոստոսի 26-ին, սկսեց իր քարոզարշավը Նոր Նորքից։ Կուսակցության հիմնադիր նախագահ, քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը զբոսնեց շուկայով, բակերով, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, լսեց քաղաքացիների խնդիրները։ 

«Անպայման գնացեք ընտրության, որ ձեր երեխաների ապագան կառուցեք։ Չհավատաք, որ ասում են՝ ամեն ինչ որոշված է, դա ասում են, որպեսզի դուք չգնաք ընտրության»,- ասաց Թարվերդյանը ընտրողների հետ զրույցում։

Տաքսիստները դժգոհեցին, որ կայանատեղիներ չեն գտնում իրենց ավտոմեքենաների համար։ Թարվերդյանն ասաց, որ իրենց ծրագրում հատուկ կետ կա քաղաքը մեքենաներից բեռնաթափելու եւ միաժամանակ տաքսիների համար հատուկ կայանատեղիներ ստեղծելու մասին։

Նա քաղաքացիներին վստահեցրեց, որ ընտրվելու պարագայում երեւանցու դերը հատուկ մեխանիզմների ներդրմամբ մեծանալու է մայրաքաղաքի կառավարման հարցում։

«Քաղաքացին պետք է ընտրությունը կատարի ոչ թե զուտ հայտարարությունների, այլ ծրագրերի համար։ Մեր յուրաքանչյուր ծրագրերը ամբողջովին հնարավոր է եւ իրագործելի»,- նշեց Երվանդ Թարվերդյանը լրագրողների հետ զրույցում։