Այսօր՝ օգոստոսի 29-ին, Արցախի դրոշներով եւ պաստառներով բողոքի ակցիա է տեղի ունեցել Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ոչ տեռորիզմին», «Արցախ», «Ազատություն առեւանգված հայերին»:
«Ալենին, Լեւոնին, Վահեին Հակարի կամրջի մոտ առեւանգել են ադրբեջանցիները՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ:: Իրենց պատասխանատվության ներքո այդ տղաներն ուղեւորվում էին Երեւան: Հիմա մեր պահանջը շատ հստակ է, ձեր պատասխանատվությամբ տղաները պետք է գային Երեւան, բայց հիմա նրանք Երեւանում չեն, Արցախում չեն, նրանք Բաքվում են, գտնվում են գերության մեջ եւ ոչ ոք չգիտի, թե ինչ է նրանց հետ այս պահին կատարվում: Ինչպես պատասխանատվություն եք վերցրել տղաներին ապահով տեղ հասցնել, հիմա էլ պատասխանատվություն եք կրում նրանց այնտեղից հետ վերադարձնելու համար: Մենք ձեզ ժամանակ չենք տալիս մտածելու, պարզելու, ինչ-որ բանակցություններ վարելու: Հենց այսօր նրանց պետք է վերադարձնեք: Այստեղ գտնվում են կանայք, աղջիկներ եւ մի պահ պատկերացրեք, թե իբնչ վիճակում են գտնվում այդ տղաների ծնողները»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:











