Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելուն ուղղված մեր քայլերը շարունակական են լինելու։ Այս մասին Կոռնիձորում օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Այս ամենն, ըստ նրա, արվում է Լեռնային Ղարաբաղին և դրա բնակչությանը ժամանակին օգնություն ցուցաբերելու համար։

«Այնտեղ իրավիճակը ժամ առ ժամ վատանում է։ Մեր նպատակն է ինչ-որ կերպ մեղմել հումանիտար ճգնաժամը, որը աստիճանաբար վերածվում է աղետի»,- ասել է Սարգսյանը։ 

Նա հույս հայտնեց, որ միջազգային հանրության աստիճանական իրազեկումը նոր շունչ կհաղորդի ընթացող գործընթացին։ Դրան, ըստ Սարգսյանի, ակտիվորեն նպաստում է ֆրանսիական կողմի մարդասիրական նախաձեռնությունը։

Օգոստոսի 30-ի վաղ առավոտյան Ֆրանսիայից մարդասիրական օգնություններով բեռնատարների շարասյունը Երեւանից շարժվեց դեպի Կոռնիձոր։ Օգոստոսի 30-ի ցերեկը մարդասիրական շարասյունն արդեն միացել է Կոռնիձորի մարդասիրական բեռներով բեռնատարների շարասյունին, որը նախկինում ՀՀ իշխանությունների կողմից ուղարկվել էր Արցախ և որը հուլիսի 26-ից Կոռնիձորում պարապուրդի է մատնվել՝ չկարողանալով անցնել Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանի իշխանությունների արգելքի պատճառով։

Անցած տարվա դեկտեմբերից Լաչինի միջանցքն արգելափակվել է, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ Հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչները գտնվում են լիակատար շրջափակման մեջ։ Ժամանակ առ ժամանակ ԿԽՄԿ-ին հաջողվում է կազմակերպել հիվանդների տեղափոխումը Արցախից Երևան։