Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է ստիպել հրաժարվել Պրահայում հնչեցրած իր դիրքորոշումից՝ ներքին և արտաքին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ճնշումների միջոցով, այլապես դա կբերի պատերազմի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա դա բացատրեց նրանով, որ Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ակնկալիքները, որը շատ ավելին է ուզում, քան տվել է և նույնիսկ կարող է պատկերացնել Հայաստանի վարչապետը։ Օսկանյանը հորդորեց ժողովրդին ոտքի կանգնել այս հարցով, դուրս գալ փողոց, կտրուկ խնդիրներ դնել և նպատակ ունենալ իշխանությունների դիրքորոշումը փոխելը։ «Եթե գործող իշխանությունները ոչինչ չեն կարող փոխել, թող գնան եւ գան այն մարդիկ, որոնք կարող են դա անել։
Դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն, դեռ կա խաղաղ այլընտրանք. Եթե մենք չհրաժարվենք նրանից, ինչ տվել ենք ԼՂ հարցում, իսկ մյուս կողմից չստորագրենք Փաշինյանի խոստումները ամրագրող փաստաթուղթ, ապա պատերազմն անխուսափելի է դառնում, քանի որ Ադրբեջանը դա կանի ուժով։ Պատերազմի դեպքում էլ միջազգային հանրությունը ոչինչ չի կարողանալու անել, որովհետև ասելու են ասել եք՝ չեք արել։ ուստի Բաքվին այլ ելք չուներ, քան ուժով վերցնել այդ ամենը»,- ասաց Վարդան Օսկանյանը։ Նա կրկնեց, որ գոյություն ունեցող նարատիվը պետք է փոխվի, քանի որ դա կբերի պատերազմի:
Օսկանյանը վկայակոչեց Արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի զեկույցը, որն ապացուցեց, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն են։
«Օկամպոն իր զեկույցում ապացուցում է, որ այն արարքը, որն այսօր Ադրբեջանը իրականացնում է Արցախում, ցեղասպանական արարք է՝ անկախ նրանից, թե այնտեղ զոհեր կան, թե չէ։ Նա իր զեկույցը կառուցում է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դրույթների հիման վրա, որտեղ ցեղասպանությունը ունի իր հստակ սահմանումը։ Այդ կոնվենցիայում նշվում են 5 արարքներ, որոնց իրականացման դեպքում դրանք որակվում են որպես ցեղասպանություն։
Օկամպոն իր զեկույցը կառուցում է այդ հինգ արարքներից երրորդի վրա, որտեղ նշված է, որ ցանկացած երկիր կամ կողմ, որը ինչ-որ խմբի նկատմամբ կստեղծի նպատակային, մտածված այնպիսի պայմաններ, որը կարող է բերել այդ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը, ցեղասպանական արարք է։ Ես երեկ հնարավորություն ունեցա հանդիպելու Օկամպոյի հետ և մոտ երկու ժամից ավելի զրույց եմ ունեցել նրա հետ։ Նա բավական վճռական է այս հարցում ու անկախ ամեն ինչից ուզում է այս հարցը տանել մինչև վերջ։
Նա շուտով լինելու է Վաշինգտոնում, Նյու Յորքում հանդես է գալու ելույթներով և ուզում է վստահ լինի, որ Ադրբեջանը անպատիժ չի մնա։ Օկամպոն նաև խորհուրդ էր տալիս մեզ՝ հայկական կողմին, որ այս գործոնը անպայման օգտագործենք հայ-ադրբեջանական բանակցություններում, որովհետև սա արդեն քաղաքական գործոն է ու կարող է բեկում մտցնել ամբողջ բանակցային գործընթացքում»,- ասաց նա։
Օսկանյանը անդրադարձավ նաև Վաշինգտոնում գործող իրավաբանական գրասենյակի հրապարակած զեկույցին՝ ընդգծելով, որ նրանք քննադատաբար են մոտնեում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին։
«Նրանք պնդում են իրենց զեկույցում, որ կիրառվող «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն և իրավունքներ» ձևակերման մեջ օգտագործվեղ «անվտանգություն» և «իրավունքներ» սկզբունքների քննարկումը վակուումի մեջ չի կարող ինչ-որ լուծման բերել։ «Անվտանգությունն» ու «իրավունքները» կարևորագույն խնդիրներ են, որոնք ապահովելու են այդ ժողովրդի կենսունակությունը, դրանց քննակումը վակուումի մեջ առանց կոնտեքստ ունենալու չի կարող արդյունք տալ։
Նրանք պնդում ենք, որ այդ կոնտեքստը հենց այդ ժողովրդի ինքնորոման իրավունքն է, ու այդ իրավունքը պետք է անպայմանորեն լինի օրակարգային խնդիր։ Զեկույցը պնդում է, որ ԼՂ ժողովուրդը ունի նվազագույնը իրավունք՝ ունենալու ներքին ինքնորոշում։ Որպես հետևանք նրանք պնդում ենք, որ օրակարգում անպայման պետք է ներառված լինի այն փաստը, որ ԼՂ ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ ու դա պետք է ծառայի որպես նվազագույն շեմ և դրա վրա պետք է կառուցի ցանկացած քննարկում:։
Նրանք կարծում են, որ այս կերպ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է հասնել կայուն խաղաղության՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Նրանք առաջարկում են օրակարգ մտցնել ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց նախկին արտգործնախարարը։
Նա վստահություն հայտնեց, որ այս երկու զեկույցների գրագետ օգտագործումը կարող է բեկում մտցնել բանակցային գործընթացում, մինչդեռ այսօրվա բանակցային տրամաբանությունը ոչ մի լավ բանի չի կարող բերել։
Օսկանյանն ասաց, որ գտնվում է ԱՄՆ-ում և տարբեր հանդիպումներ է ունենում իրավիճակին քաջատեղյակ, խնդրի մասին երկար ու մանրամասն գիտելիք ունեցող մարդկանց հետ, որոնք հասկանում են, որ այսօրվա բանակցային օրակարգը չի կարող արդյունք տալ, և աշխատում են փոխել իրավիճակը. բանակցությունների պատմությունը. «Սակայն իրենց ձգտումներում նրանք պատի են բախվում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման դեմ։ Նրանք դիմում են իրենց կառավարություններին, որտեղ հստակ նշում են, որ ձեր ցանկությունները չեն համընկնում Հայաստանի կառավարության ցանկությունների հետ։ Պետք է ստիպենք Հայաստանի իշխանություններին փոխել իրենց մոտեցումը. Պրահայում Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը գլխավոր խոչընդոտն է։ Ադրբեջանն ինքը նախկինում հրաժարվել է պայմանավորվածություններից։ Նույնը կարող է անել այսօր Հայաստանը, և դա պետք է անի, եթե մենք ուզում ենք բանակցային գործընթացը վերադարձնել բնականոն հուն»,- հավելեց նա։
Այսօր աշխարհում գոյություն ունեն 40-ից ավելի ինքնորոշման շարժումներ, էթնիկ կոնֆլիկտներ, այդ բոլորի շուրջ բանակցություններ են ընթանում, ու այդ բանակցություններում որևէ կողմ դեռևս կամովին չի հրաժարվել իր ինքնորոշման իրավունքից, մենք հայերս առաջինն ենք լինելու։ Այս պահին աշխարհում կան 120 ինքնավար կարգավիճակներ։ Այն ինչ այսօր առաջարկվում է Արցախին, հացի փշրանքներ են, ընդամենը խոսվում է նրանց անվտանգության ու իրավունքների մասին։ Ադրբեջանն ասում է, որ ադրբեջանական ինչ-որ կազմակերպություններ պետք է հետամուտ լինեն, որ Ադրբեջանում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովվի Ադրբեջանի օրենքների ու սահմանադրության շրջանակներում։ Սա է, որ այսօր առաջարկվում է հայկական կողմին, հիմա համեմատեք աշխարհում ընթացող այլ գործընթացների հետ։ Ինչ է, մենք աշխարհի վերջին միամիտ ժողովո՞ւրդն ենք, վերջին տկար ժողովո՞ւրդն ենք, որ համաձայնվենք սրան ու զիջենք մեր դիրքերը, պարզապես թողնենք, որ Արցախը լուծարվի Ադրբեջանի մեջ»,- ասաց Օսկանյանը։











