Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հրաժարկանի պարտադրանք է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
NEWS.am-ի հարցին, թե ով էր պարտադրում, նա պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանը խոսում էր ինչ-որ 8 հոգու մասին: Այսինքն 7-ի տեղը գիտի, մեկն էլ ինքն իրեն բացահայտեց: 8-ից մեկը հաստատ ինքն է, մյուս 7-ը ի հայտ կգան եւ այդ պարտադրանքի տրամաբանությունը պետք է հասկանալ՝ ինչին էր միտված: Արայիկ Հարությունյանը որպես ժողովրդի կողմից ընտրված վերջին նախագահ, արդյոք անելիք չուներ: Ի՞նչ խնդիր ենք լուծում քաղաքական լեգիտիմության հարցում մենք հետնահանջ ունեցանք: Արտաքին քաղաքական շփումներում դա օգտագործվելու է թե Արցախի դեմ, թե բանակցողների դեմ»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ, մինչեւ Ռուբեն Վարդանյանի այդ բացահայտումները, որպես նախագահ անելիքներ ուներ, պետական համակարգը գոյություն ուներ,. «Հիմա իր հրաժարականից հետո մենք ի՞նչ լեգիտիմությամբ նախագահ ենք նշանակելու: Նախագահը նշանակվելու է ԱԺ-ի կողմից, քանի՞ ձայնով է նշանակվելու նախագահը, որը պետք է Արցախի դիմակայման ամբողջ համակարգը դարձնի շատ կառավարելի: Այդտեղ վստահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ուղղակի ընտրություններ այլեւս հնարավոր չէ անցկացնել: Այնպիսի լիդեր պետք է նշանակվի, որը վստահություն է ներշնչում Արցախում գործող բոլոր շերտերի մոտ՝ թե ՊԲ-ի, թե անվտանգության, թե տնտեսության»,-ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:
Հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանը վտահություն ներշնչում էր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանն ընտրված էր: Ընտրվածն ու նշանակվածը տարբեր բաներ են: Ընտրված նախագահին ինչ-որ ստվերային ուժեր, «խորհրդավոր ընթրիքի» մասնակիցներ ասել են՝ Արայիկ, դու պետք է արդեն չլինես: Իրենք գիտեն, թե հիմնավորումը որտեղ է, բայց դա ԱԺ-ի իրավասությունների տիրույթն է: Մենք այստեղ գործ ունենք որոշում կայացնող մեկ այլ մարմնի հետ, որի նպատակները ոչ մեկին հայտնի չէ»:











