Երեւանում, Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը, բողոքի ակցիա է ընթանում, որին մասնակցում են բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ:
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ եկել են իրենց ներկայությամբ նախ զորավիգ կանգնելու Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ուղերձ հղել, որ Հայաստանի Հանրապետությունը միայն նրա այսօրվա գործող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է լինելու Արցախին։
«Հերոսաբար պայքարում են Արցախում մեր քույրերն ու եղբայրները։ Մենք պետք է արժանի լինենք այդ պայքարին, իսկապես արժանի, գիտակցենք, որ Երևանում անհոգ կյանքով ապրելով, ռեստորաններ այցելելով, սնուփ դոգերի համերգները գնալով և այլնով, չենք կարող արժանի լինել այն պայքարին, որ այսօր մղում են Արցախի մեր 120 հազար եղբայրներն ու քույրերը։ Մենք պետք է իսկապես կանգնենք նրանց կողքին ու գործով ապացուցենք, որ բոլորս մի ազգ ենք, մի հայրենիք, պայքարում ենք միասնական հայրենիքի համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:





























