Մենք հայտարարել ենք, որ բացառում ենք գործող իշխանությունների քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի եւ նախկին իշխանությունների կողմից սպասարկվող որեւէ սուբյեկտի հաղթելու հնարավորությունը, բայց որոշակի հետաքրքրություն է առաջացրել Երեւանի նախկին քաղաքապետը (նկատի ունի Հայկ Մարությանին-խմբ): Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը:
«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2018-2023 թվականներին Երեւանի համար պատասխանատու են երկու մարդ: Իհարկե, երկրի ամբողջ պատասխանատվությունը Նւիկոլ Փաշինյանի ուսերին է, բայց զուտ ֆորմալ առումով երկու մարդ է պատասխանատու՝ Հայկ Մարությանը եւ Տիգրան Ավինյանը: 2018-2021-ի դեկտեմբեր քաղաքապետ է եղել Հայկ Մարությանը, դրանից հետո մինչեւ այս պահը Երեւանը փաստաղի ղեկավարում է Տիգրան Ավինյանը: Առանց քաղաքապետի լիազորությունների, առանց ընտրված քաղաքապետի կարգավիճակի նա փաստացիորեն ղեկավարում է Երեւանը: Ես այդ երկու անձանց հրավիրում եմ բանավեճի՝ իրենց կողմից ընտրված վայրում, ձեւաչափով, հրավիրված լրատվամիջոցների ներկայությամբ:
Նրանց կողմից ղեկավարած տարիներին արդյոք Երեւանում գեթ մեկ ոլորտում իրականացվել է համակարգային փոփոխություն, որը բեկումնային է եղել երեւանցու համար: Թող ցույց տան, եթե կա: Չի կարելի անընդհատ թաքնվել իրենց ներկրած ավտոբուսների հետեւում»,-ասաց նա:
Նորիկյանը նաեւ նշեց, որ այս իրավիճակում ձայն տալ ՔՊ-ին, նշանակում է հավանություն տալ գործող ավագանու աշխատանքին. « «Ձայն տալ Հայկ Մարությանի ղեկավարած ուժին, որի ընտրական ցուցակի հիմնական մասը նաեւ ՔՊ-ի հետ 2018-ին ձեւավորված ավագանու անդամներն են, նշանակում է ձայն տալ ՔՊ-ից վիրավորված ձեւին: Ես չեմ տեսել մի մարդու, որ բավարարված լինի այսօրվա ավագանու աշխատանքից: Հետեւաբար, ես համոզված եմ, որ եթե չկիրառվի վարչական ռեսուրս, չկիրառվեն այլ անօրինական ոչ ֆորմալ ազդեցություններ, ապա բացառվում է, որ գործող իշխանական ուժը հնարավորություն կտանա վերարտադրվելու»,- ընդգծեց Նորիկյանը:











