Starlink արբանյակային ինտերնետը ստեղծվել է հեռուստասերիալներ դիտելու, այլ ոչ թե անօդաչու թռչող սարքեր ուղղորդելու համար, ասել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն իր կենսագրության մեջ, որից հատվածներ մեջբերում է CNN-ը։

Վալտեր Այզեքսոնի հեղինակած՝ գործարարի կենսագրությունը կթողարկվի սեպտեմբերի 12-ին։ Նախկինում Այզեքսոնը գրել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և Ալբերտ Էյնշտեյնի կենսագրությունները։

«Ինչպե՞ս հայտնվեցի այս պատերազմում: Starlink-ը նախատեսված չէր պատերազմի համար: Այն ստեղծվել է, որպեսզի մարդիկ կարողանան դիտել Netflix-ը, հանգստանալ, սովորել հեռակա կարգով և լավ խաղաղ բաներ անել, այլ ոչ թե անօդաչու թռչող սարքերի հարվածների համար», - մեջբերում է Մասկի խոսքը հեռուստաալիքը։

Փետրվարին Մասկը հայտարարել էր, որ թույլ չի տա Starlink արբանյակների օգտագործումը հակամարտության սրման համար, որը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած կետում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: Ներկայումս ուղեծրում կա մոտ 4,2 հազար Starlink արբանյակ։