Միայն այն փաստը, որ Հայաստանի դեսպանը հրավիրվում է ՌԴ ԱԳՆ եւ նոտա է փոխանցվում, այլեւս դրանից հետո կարելի էր ուղղակի սիրաշահել Փաշինյանին, բայց դա ոչինչ չի նշանակում. մեկ ապտակը բավական էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա այն հայտարարությանը, որ իրենք ՀՀ իշխանությունների հետ խնդիր չունեն:

«Դիվանագիտության մեջ այս անգրագետների դեպքում է, որ որեւէ կերպ չեն հասկանում: Դիվանագիտության մեջ կան հրապարակային ասվող եւ չասվող, մեկ ձեռքի կամ հոնքի շարժումով ինչ-որ բան հասկացվող քայլեր»,- ասաց Մանուկյանը:

Դիտարկմանը, որ հայկական կողմը կարծես՝ իր խոսույթից հետ է կանգնել, Մանուկյանն ասաց. «Երեւի հասկացան, որ կրակի հետ շատ են խաղում, դե Փաշինյանի կեսգիշերային պաշտոնազրկումներից հետո դժվար է շատ հարցերում նրան մեկնաբանելը: Կարծում եմ՝ այդ խեղճուկրակությունը իր խոսքում շատ բանի մասին է խոսում: Ուղղակի աննորմալություն է, Փաշինյանի կինը գնում է Ուկրաինա, տարբեր մակարդակներով հանդիպումներ է ունենում, քաղաքականացված ժեստեր է կատարում ու քաղաքականացված վայրեր է այցելում, ու ասում են՝ դա քաղաքականության հետ կապ չունի: Անհնար է որեւէ կերպ մեկնաբանել»:

Անդրադառնալով նրան, որ Փաշինյանի չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ ափսոսանք է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնից, Գեղամ Մանուկյանն արձագանքեց.

«Գլուխը՝ քարը: Ափսոսանք հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը պաշտոնին չէ՞, թե՞ ստեղծված իրավիճակի հետ կապված: Նա ուղղակի զրկվեց Արցախում իր կամքն ու պարտադրանքները թելադրելու միջնորդավորված ադրբեջանա-թուրքական պայմանները թելադրելու մեքենարարից եւ թերեւս տողատակում այդ ափսոսանքն էր:

Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրության հետ, երբ ժամանակին Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Շուշիում տրճիկ տվող մարդը առնվազն պետք է պատասխանատվությունն իր վրա վերցներ եւ շնորհավորեր Արցախի նորընտիր նախագահին: Քանի որ այսօրվա Հայաստանի իշխանությունը շարժվում է ադրբեջանա-թուրքական տանդեպի պահանջներով եւ սպառնալիքներով, դրա շրջանակում ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյանի այդ գավառական խուսանավումը, որ երեկ փորձում էր արդարանալ, թե ինչու Սամվել Շահրամանյանին չի շնորհավորել»:

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, թե ՀՀ իշխանությունները ուղիղ երկխոսության մեջ են Արցախի իշխանությունների հետ, Մանուկյանն ասաց. «Ստախոս մարդու խոսքեր են, դժվար է հավատալ, մեկ կամ երկու անգամ չէ: Նույն երեկ Ռուսաստանի նկատմամբ այդ խունջիկ գալը, երբ 10 օր շարունակ Հայաստանի իշխանական բոլոր մակարդակներով հակառուսական մի անհավատալի արշավ էին ծավալում, դրանից հետո որեւէ բան պետք չէ լուրջ ընդունել»: