Ծանրագույն իրավիճակում ես դրական եմ գնահատում ռուսական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա համոզմամբ՝ սա լուրջ քաղաքական նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանը ձգտում էր ճանապարհ բացել, բայց դա, Արցախի նոր իշխանությունների հստակ կամքի եւ Ռուսաստանի դերի շնորհիվ, տեղի չունեցավ:
«Ռուսաստանը ցույց տվեց իր համար Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագրի կարեւորությունը։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում կան քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք ծանրագույն իրավիճակում առաջնորդվում են ոչ թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվելու հակահայկական գաղափարով, այլ Լեռնային Ղարաբաղը փրկելու առաքելությամբ»,-նշեց նա։
Շարմազանովը Հայաստանի ներկայիս իշխանություններին մեղադրեց ղարաբաղյան խնդիրը զուտ մարդասիրական հարց դարձնելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը Փաշինյանի քաղաքականության եւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու ուղղակի հետեւանքն է:
«Փաշինյանը նույնիսկ չի կարող աջակցություն հայտնել Ստեփանակերտին, քանի որ կատարում է Ալիեւի վերջնագրերը։ Եվ՛ Եվրամիությունը՝ ի դեմ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելի, եւ՛ Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Պուտինի, հայտարարել են, որ հենց Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարների շարքում առաջինը ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Ուստի, Փաշինյանի հեքիաթներն այն մասին, թե Հայաստանը Ալմա Աթայի հռչակագրով, իբր, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, լկտի սուտ է։ Միջազգային խաղացողները հայտարարում են, որ Լաչինի միջանցքը փակ է նաեւ Փաշինյանի քաղաքականության պատճառով։ Հենց Փաշինյանի եւ Ալիեւի գործունեության արդյունքում է, որ Լաչինի միջանցքը փակ է»,-հավելեց նա։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ալմա Աթայի հռչակագիրը վավերացրել է վերապահումով, որտեղ հստակ նշված է ինքնորոշման սկզբունքը։
«Հայաստանում ՀՀԿ-ի պաշտոնավարման 12 տարիների ընթացքում Ադրբեջանը ոչ մի անգամ չի վկայակոչել այդ հռչակագիրը»,-նշեց նա։
Շարմազանովը վստահ է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները նպատակ ունեին հրաժարվել Լեռնային Ղարաբաղից եւ փոխել Երեւանի ռուսամետ արտաքին քաղաքական վեկտորը։











