Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Հայոց երբեմնի Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված տոնական հանդիսություններին, որոնց կազմակերպման նպատակով ստեղծվել էր հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Նախագահը մասնակցել է նաեւ «Բերքի տոն-2011» ավանդական տոնակատարությանը, որին մարզի բնակավայրերը ներկայացրել են տարվա իրենց բերք ու բարիքը:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում ծանոթացել է  նաեւ Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, որոնք մեկնարկել են ընթացիկ տարվա հուլիսի 6-ին նախագահի` Արարատի մարզ կատարած այցի ընթացքում տրված  հանձնարարականներից հետո: Արտաշատի երբեմնի այցեքարտը համարվող լիճը, որը կառուցվել է դեռեւս 1971թ., վերածվել է գարշահոտ ճահճացած տարածքի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրության համաձայն, լճի վերակառուցմամբ հնարավոր է լուծել քաղաքի համար կարեւոր էկոլոգիական խնդիրը, որի համար կպահանջվի շուրջ 235 մլն դրամ: Նախագահին զեկուցվել է, որ ֆինանսական միջոցների հատկացման խնդիրը լուծված է, եւ լճի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետում կավարտվեն: