Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է առաջարկել ղարաբաղյան վեճի լուծումը: Այս մասին  հոկտեմբերի 13-ին Կազանում հայտարարել է Իրանի արտգործնախարարության  ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը, գրում է իրանական  «Tehran Times»-ը:

Նա ասել է, որ «սահմանային վեճեր սովորաբար ծագում են հարեւան երկրների միջեւ»` միաժամանակ ավելացնելով, որ «տարածաշրջանից դուրս գտնվող երկրները  ձգտում են վեճերն օգտագործել` տարածաշրջանային հարցերին միջամտելու համար»:

Նա նշել է, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների  եւ խորհրդատվությունների շարունակման օգտին եւ պատրաստ է օգնել լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ տարածքային վեճը:

Թաթարստանի պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամեդշինի հետ հանդիպմանը Մեհմենպարստն ընդգծել է, որ Իրանը եւ Ռուսաստանը կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման հարցում: