Եթե Ադրբեջանը փորձում է եռակողմ հանդիպում նախաձեռնել, օրինակ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ, դա նորմալ է, սակայն եթե Բաքուն նորից ձգտելու է առաջ քաշել այսպես կոչված համայնքների տարբերակը` այդ իրավիճակում գաղափարական դիվիդենտներ շահելու համար, ապա դա ոչնչի չի հանգեցնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Պատասխանելով հարցին, թե որքանով է ադրբեջանական նախաձեռնությունը ողջամիտ եւ արդյոք ընդունելի է ընդհանրապես, Բաբայանը նշեց, որ դրան վերաբերվում է բացառապես որպես հայտարարության: «Ադրբեջանը խորքում պատրաստ չէ Արցախի հետ երկխոսության, թեւեւ դա տրամաբանական է թվում, քանի որ առանց դրա հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը»,-նկատեց նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում կամ Վիեննայում:




























