Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պատի կառուցումը մի շարք դրական նրբերանգներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ պետք չէ ամեն ինչ մուգ գույներով ներկայացնել:
«Այստեղ ոչ պակաս դեր ունի հոգեբանական գործոնը: Ադրբեջանը հայտարարում է, որ իր առջեւ խնդիր է դրել պաշտպանելու իր ժողովրդին, ինչի հարցում ես փոքր-ինչ կասկածում եմ: Բայց տվյալ դեպքում Ադրբեջանի ժողովուրդն այս կառույցը սկսում է դիտել որպես պետական սահման: Այն, ինչ կոչվում է շփման գիծ, մնում է անցյալում, ի հայտ է գալիս պետական սահմանը»,-նկատեց փորձագետը` ավելացնելով, որ ռազմական տեսակետից այստեղ ամեն ինչ չէ, որ պարզ է:
«Եթե այդ պատը կառուցվելու է դզոտների սկզբունքով, որոնցում դիրքավորվելու են դիպուկահարները, դա կարող է որոշակի դժվարություններ ստեղծել: Սակայն չեմ կարծում, որ նրանց կհաջողվի կառուցել այնպիսի պատ, որն իդեալականորեն կպաշտապանվի հայկական դիրքերի կրակից: Այդ երեքմետրանոց քարե պատը ռազմական տեսանկունից ոչ մի սպառնալիք չի ներկայացնում:
Այդ պատը կարող է շարունակվել Ադրբեջանի եւ Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով, եւ ադրբեջանական ժողովուրդը կգիտակցի, որ «ահա դա է սահմանը»,-նկատեց Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այդ պատից ոչ պետք է վախենալ, ոչ էլ ոգեւորվել:




























