Ադրբեջանի արտգործնախարարության հայտարությունը, թե հայ-ռուսական կապերի զարգացումը եւ դաշնակցային գործընկերությունը տարածաշրջանում անհավասարակշռություն է ստեղծում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Սեւծովյան- Կասպյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Էդուարդ Պոպովը` ավելացնելով, որ դրանք Բաքվի համար ավանդական տոնայնության մարտավարության մեջ են:
«Թե Ռուսաստանը, թե Հայաստանը, եւ թե Ադրբեջանը պետություններ են, ովքեր բազմավեկտոր քաղաքականություն են իրականացնում: Բաքվի համագործակցությունը Անկարայի հետ, այդ թվում` ռազմաքաղաքական ոլորտում, եւ Նախիջեւանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու հարցի խթանումը դրա հաստատումն են»,-նշեց Պապովը` մատնանշելով նաեւ Ռուսաստանի հետ Ադրբեջանի էներգետիկ համագործակցությունը:
«Սա իր հերթին խանդ է առաջացնում Հայաստանում, որը բացատրելի է հայկական շահերի տեսակետից: Կան նաեւ որոշակի դժգոհության հիմքեր Ռուսաստանի կողմից` իր գործընկերների վարքագծի առումով: Եւ դա լիովին նորմալ իրավիճակ է, երբ լինում է շահերի որոշակի անհամաձայնություն:
Ենթադրում եմ, որ առաջին հերթին հենց Ադրբեջանի համար է տնտեսապես շահավետ Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այդ կապակցությամբ Հայաստանի հետ Ռուսաստանի համագործակցությունից դժգոհությունը, ընդ որում` նման կտրուկ տոնով, անհասկանելի է, քանի որ հենց Ադրբեջանն ինքն էլ է սերտ համագործակցության մեջ Ռուսաստանի հետ»,-եզրափակել է փորձագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից Էլչին Հուսեյնլին հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ հայ-ռուսական կապերն ու ռազմավարական գործընկերությունն անհավասարակշռություն են ստեղծում տարածաշրջանում:




























