Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ագրեսիան է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Բաքվի նպատակը, ինչպես նշեց փոխնախարարը, էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է։

Սաֆարյանն ընդգծեց, որ Ադրբեջանը՝ զգալով իր անպատժելիությունը, բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը:

«Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որոնց մասին, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել է զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաեւ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը»,-ասաց Սաֆարյանը։

Նա դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը, որոնք ուղիղ երեք տարի առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների շարունակությունն են: Փոխնախարարը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, անթաքույց ռազմատենչ հռետորաբանությունը, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը որպես «ահաբեկիչներ» որակող բացարձակ կեղծ եւ դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մեկ նպատակ՝ էթնիկ զտումներ իրականացնել տարածաշրջանում, ինչպես նաեւ զրկել մարդկանց սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ ապրելու եւ արարելու իրավունքից:

ԱԳՆ-ում կարծում են, որ նույն նպատակն էին հետապնդում նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի փակումը եւ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը։