Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հոկտեմբերի 17-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ

Նախագահը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ապահովման առումով:

«Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար»,-ասել է nախագահ Սարգսյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, իր հերթին ընդգծելով ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարեւորությունը: «Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, եւ մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»,- ասել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը կարեւորել է նաեւ երկկողմ տնտեսական կապերի սերտացումն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը: