Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման եւ ժողովրդավարական արժեքների ներդրման կարեւոր գործոնը միջին խավի ձեւավորումն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՎԶԵԲ-ի տարածաշրջանային (Կովկաս, Մոլդովա եւ Բելառուս) տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիեն եւ բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել` ընթացիկ ծրագրերը քննարկելու, Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին ծանոթանալու եւ մեր երկրի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:
Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի դասերի մասին` Տիգրան Սարգսյանը կարեւորել է մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման խթանումը` ստվերային տնտեսության կրճատման եւ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ բարեփոխումների իրականացման ճանապարհով:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. հունվարի 1-ից կգործի նոր օրենք, համաձայն որի` 500 պաշտոնատար անձինք պետք է հրապարակային հայտարարագրեր ներկայացնեն գույքի, եկամուտների եւ իրենց փոխկապակցված անձանց մասին: Նա նաեւ կարեւորել է պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը, որը պետք է ստուգման առարկա դարձնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Ըստ Տիգրան Սարգսյանի` հասարակության նման վերահսկողությունը կնպաստի պաշտոնատար անձանց գործունեության հրապարակայնությանն ու թափանցիկությանը, արդյունքում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները հետաքրքրվել են մի շարք ուղղություններով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի մասին: Այս առնչությամբ վարչապետը ներկայացրել է տնտեսական մրցակցության հավասար պայմանների ապահովման, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման եւ ստվերային տնտեսության կրճատման ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած եւ ձեռնարկվելիք միջոցառումները: Անդրադառնալով Եվրոպական բանկի հետ Հայաստանի համագործակցության նոր ռազմավարության առաջնահերթություններին` գործադիրի ղեկավարը կարեւորել է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Start-up բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրագործումը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել տեսչական բարեփոխումների եւ գործարար միջավայրի բարելավման գործընթացում ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակի (EBRD Business Support Office) աջակցության, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» ստեղծման գործում բանկի ցուցաբերած օժանդակության համար:




























