Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է ընտրությունները հնարավորինս լավ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը հավաստիացրել է, թե ինչպես ինքը, այնպես էլ իր ղեկավարած դիվանագիտական առաքելությունը աշխատելու են հասարակության բոլոր օղակների հետ, որպեսզի ընտրությունները հնարավորինս լավ անցնեն:

Նշենք, որ 2012թ. Հայաստանում կայանալու են խորհրդարանական, իսկ 2013-ին նախագահական ընտրություններ:

Պատասխանելով հայ-ամերիկյան հարաբերությունների տնտեսական բաղադրիչի մասին հարցին, դեսպանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» հաջող իրականացման փաստը: Նրա խոսքով, այդ հարցերը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներում: Նա նաեւ շեշտել է մասնավոր հատվածի հետ աշխատելու կարեւորությունը: