Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության եւ կայունության հիմնասյուներից մեկը եւ հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման եւ համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերիի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

NEWS.am-ին նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ հանրապետության ղեկավարը ընդգծել է, որ մեր երկիրը կշարունակի լիարժեք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կարեւորելով Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ  լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար: