Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների եւ 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում սողանքի ակտիվացման որեւէ նշաններ չեն եղել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում: Այդ մասին զեկուցվել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ  հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունում  քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, նախագծող եւ շինարարական կազմակերպությունների, նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին տասը օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ա.Կարախանյանը տեղեկացրել է, որ սողանքի ակտիվացման եւ փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գորընթացները, ջուրը, որի երկարատեւ եւ անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավեցրել է տակդիրվող պլաստիկ եւ փուխր կավային ապարների շերտը եւ բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը: Երկրաբանության ինստիտուտի փորձագիտական եզրակացությունը բացառում է Վրաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի ազդեցությունը սողանքի ակտիվացման եւ փլուզման վրա:

«Ճանապարհ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանի կարծիքով նպատակահարմար է փլվածքային մասում իրականացնել մաքրման աշխատանքներ, թեթեւացնել ճանապարհը, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել երկրաբանական հետազոտական մանրակրկիտ ուսումնասիրություններ եւ հակասողանքային միջոցառումներ: Ըստ Է.Բեզոյանի, գործող ճանապարհի պաստառի ակնադիտական դիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհի մեծ մասը վնասված չէ եւ կարելի է օգտագործել հետագա վերանորոգման ժամանակ:

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ավտոմոբիլային ճանապարհների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուրզադյանը համաձայնել է գիտնականների եւ շինարարների կարծիքին:

Խորհրդակցության մասնակիցները կարեւորել են սողանքավտանգ հատվածներում մշտական դիտարկումների կատարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի սողանքների հետագա կանխարգելմանը:

Խորհրդակցության վերջում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին եւ Դեբեդ գետին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ եւ վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին:

Երկրաբական ուսումնասիրությունները կատարելու համար նախարար Մ.Վարդանյանի որոշմամբ կստեղծվի մասնագիտական խումբ եւ կիրականացվեն հակասողանքային միջոցառումներ: