Թուրքերը օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներից մեկը անվանակոչել են Հայոց ցեղասպանության ճարտարապետներից Էնվեր փաշայի անունով, առայժմ վիրտուալ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սոցցանցերում բուռն քննարկում է ընթանում Ստեփանակերտի փողոցների անունները փոխելու վերաբերյալ։
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին առաջարկել է փողոցներից մեկն անվանակոչել Տարաս Շևչենկոյի անունով։ Թուրքական TRT Haber լրատվական աղբյուրը հայտնել է, որ փողոցներից մեկն արդեն անվանակոչվել է «ի պատիվ Էնվեր փաշայի»։ Հիշենք, որ սա Հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկն է։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության գույքի հետ կապված պետական ծառայությունը, ի պատասխան haqqin.az-ի հարցման, հայտարարել է, որ իրենք «տեղյակ չեն փողոցների անունների և պողոտաների անվանափոխության մասին։ Այս նախաձեռնության մասին տեղյակ չէ նաև Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեն՝ ընդգծելով, որ այս հարցի որոշումը տեղի գործադիր իշխանության պարտականությունն է։ Ենթադրվում է, որ քարտեզը ստեղծվել է ինչ-որ մեկի անկախ նախաձեռնությամբ, եզրափակում է աղբյուրը։





























