Իրանի համար կարեւոր է, որ մեր տարածաշրջանում սահմանների փոփոխություն չլինի եւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» իրականություն չդառնա, եւ եթե այսօր Իրանը խաղաղապահներ կամ դիտորդներ է ուղարկում, դա թեեւ ուշացած, բայց լավ քայլ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը՝ անդրադառնալով նրան, որ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման:
«Գիտեք, որ Իրանը շուրջ 60 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, եւ մենք հուսով ենք, որ այդ օգնությունները կշարունակվեն: Իրանի հայությունը, մասնավորապես, Թեհրանի, Ջուղայի եւ Սպահանի հայությունը սկսել է օգնություն հավաքել, պատրաստել, որպեսզի ուղարկի Հայաստան»,-ասաց պատգամավորը:





























