Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի  21-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն  Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 19-ին,  հանդիպել է Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Անատոլի Բլիզնյուկի հետ: NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ քննարկվել են ինչպես Հայաստան-ԵԽ, այնպես էլ երկկողմ մակարդակով համագործակցության հարցեր:

Դրական համարելով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը` զրուցակիցները միաժամանակ արձանագրել են, որ առկա է գործակցության մեծ ներուժ եւ կարեւորել այն իրացնելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ նոր կապերի հաստատման արդյունավետ հարթակ կարող է լինել Եվրոպական ռեգիոնների ասամբլեան, որին անդամակցում են ռեգիոններ թե Հայաստանից եւ թե Ուկրաինայից: Ա. Բլիզնյուկը Ա. Գեւորգյանին փոխանցել է նաեւ նոյեմբերին Կիեւում կայանալիք Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների քաղաքականության պատասխանատու նախարարական համաժողովին մասնակցելու հրավերը: