Ադրբեջանը նաև հուսալի տարանցիկ երկիր է, և մեր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր երկրների համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Հաշվի առնելով Արևելք-Արևմուտք ճանապարհով բեռնափոխադրումների աճող պահանջարկը՝ մենք նպատակ ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։