Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ այն պարագայում. երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր արձանագրում է, մենք ուզում ենք, որ բոլորը, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում, և մեր քաղաքականությունը այս է լինելու:

Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե Ղարաբաղից եկած քանի մարդ է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից: Այս պահի դրությամբ մոտ 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից, և ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային իրավիճակը հաղթահարելու համար դուրս են եկել իրենց բարեկամի մոտ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանը չէր ուզում, որ ԼՂ ժողովուրդը ստիպված լիներ լքեր իրենց տները, բայց, եթե դա տեղի է ունեցել,  իրենք գործով ապացուցեցին, որ նույնպիսի գորովանքով են վերաբերվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքներին, ինչպես ՀՀ  քաղաքացիների պարագայում: