Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին եւ նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:
Ծրագրի շնորհիվ, հոկտեմբերի 21-ից Orange եւ VivaCell-MTS բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) եւ 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան:
Հայաստանի ՁԻԱՀ-ի Կանխարգելման Ազգային կենտրոնի կողմից պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաեւ համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ եւ կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՎ վարակն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այսօր այն տարածվել է բոլոր մայրցամաքներում` գլոբալ համաճարակի վերածվելով աշխարհի բոլոր երկրներում: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն կար մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաեւ մեր հանրապետության համար: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչեւ 2011թ օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:
Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գծի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով, նախատեսվում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատվական քարոզարշավ` թռուցիկների եւ պաստառների տարածում, տեղեկատվություն սոցիալական ցանցերում, հայտարարություններ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:




























